top of page

Lilit Karapetyan

Literature (Armenia)

Ինքնամեկուսացում

Պաշարված հայելիների սենյակում մենախոսում եմ արտացոլանքիս հետ. ինչ-որ հատուկենտ բառեր, որ չեմ հասցրել ասել անցյալում: Ես հավատում եմ միայն արտացոլանքիս անխորտակելիությանը, նա ծաղրական ժպտում է,  ասես շնորհակալություն հայտնում աճապարված եզրահանգման համար:

 

Ցուցամատով հպվում եմ հայելուն, թողնում մատնահետք` իբրև արտացոլանքս շոշափելու իրեղեն ապացույց: Իմ բացակայության ակնթարթներին հայելին անդրադարձնում է ճերմակ անկողինը ու մի քանի գրքեր: Մի˚թե պրն. Մուզիլը ճշմարիտ է` մենք ծնվում ենք հիվանդանոցում, մեռնում` հիվանդանոցում և արդար կլինի, եթե ապրենք հիվանդանոցում: Ավարտը մարդու մեջ է, ով սավանով ծածկում է հայելին` հոգու արտացոլանքը կանխելու համար:

 Սենյակում դրված են լուռ դիմակներ, ձեռնոցներով լի փաթեթներ: Մի ժամանակ ազնվականները դիմակահանդեսների ժամանակ դեմքը թաքցնում էին ժպտուն դիմակներով, որպեսզի անճանանչ մնան միմյանցից: Իբրև վստահության նշան կանայք հանում էին մինչև արմունկները հասնող ձեռնոցները և թույլ տալիս համբուրել ձեռքը: Ձեռքերը օճառով լվանալ, ձայնում է հեռուստացույցը, պարտաճանաչ կրել դիմակներ, որովհետև համաճարակ է: Թաքնվել, շուտափույթ թաքնվել մարդկանցից:

Մինչ մեկուսանում ենք, բակերում թղթախաղ են խաղում միայնակ ծերունիները. նրանք տանուլ են տվել ողջ ժամանակը: Աստիճանաբար ծնվում են կղզիացած բառեր ու մեկուսի երեխաներ, լքված քաղաքներ են առաջանում, որ անցնելու են պատմության գիրկը:

Արշալույսին կրկին բացվում է բողբոջը, ծառն անմեղ ծաղիկ է տալիս ու ճյուղերը նայում են արևելքից եկող մեղմ քամիներին: Ինչպես հնում, այսօր էլ ազատորեն բուրում են մարտական ձնծաղիկները, և  բույրն օդանցքից թաքուն լցվում է թե’ հին թե’ նոր, հայտնի ու անհայտ կղզի - ապաստարանները: Ես մոտենում եմ պատուհանին, խոր շնչում եմ` ազդարարելով նոր օրվա սկիզբը ու պաշարված հայլեիների սենյակում տարածվում է ներապրումների բույրը:

23.04.2020թ.

Born in 1990 in Yerevan, Lilit Karapetyan studied at the Department of Art Studies of the Faculty of History of Yerevan State University. After graduating from the Department of Art Studies, I entered the graduate school of the Institute of Arts of the National Academy of Sciences of the Republic of Armenia. She has already published two books of short stories and will soon publish her novel.

Lilit Karapetyan.jpg
bottom of page